Աշխարհի տարբեր երկիրներու մէջ ապրող իմ հայ բարեկամ, սիրելի քոյրեր եւ եղբայրներ, թանկագին ամերիկահայեր,
Այսօր բոլորս ալեկոծուած ենք: Այսօր բոլորիս մտահոգութեան առարկան մեր սիրիահայերն են: Նորից դժբախտութեան մէջ է յայտնուել մեր ազգի մի հատուածը: Մեր քոյրերն ու եղբայրները տառապում են: Նրանք մեծ կորուստներ են կրում եւ՛ ֆիզիկական, եւ՛ նիւթապէս, թալանւում է նրանց ունեցուածքը: Սիրիահայ փայլուն, զրնգուն, կազմակերպուած համայնքը այսօր արնահոսում է, բաց վէրք է դարձել:
Նրանց մի հատուածը հաստատուել է Հայաստանում: Եւ Հայոց պետութիւնը` Հանրապետութեան Նախագահի ղեկավարութեամբ անում է ամէն ինչ, որպէսզի մեր հայրենակիցներն այստեղ իրենց զգան ինչպէս իրենց տանը: Կրթութեան, առողջապահութեան, փաստաթղթերի, իրաւական հարցերի, վիզաների հետ կապուած բոլոր խնդիրները լուծելը նրանց համար դարձել է անվճար: Պէտք է անենք նաեւ ամէն ինչ, որ նրանք հաստատուեն հայրենիքում:
Այսօր Հայաստանում եւ տարբեր երկրներում ապրող մեր սիրիահայ հայրենակիցները իրօք օգնութեան կարիք ունեն: Իրօ՛ք, նրանց ցաւը մենք պէտք է ամոքենք: Իրօ՛ք, մենք պէտք է լինենք նրանց կողքին, նրանց հետ, որովհետեւ այսօր համախմբման պահ է:
Ես կոչ եմ անում, դիմում եմ աշխարհի բոլոր ծայրերում ապրող իմ հայրենակիցներին եւ ասում` եկէք այսօր մենք չնախաճաշենք եւ այդ գումարները փոխանցենք Հայաստան համահայկական հիմնադրամին: Փոխանցենք, որպէսզի այն դառնայ օգնութիւն մեր սիրիահայ հայրենակիցներին: Այսօր օգնութեան կարիք ունի նաեւ հայ գիւղը, որովհետեւ հայրենիքը սկսում է հողից, գիւղից, հողը պահելուց, հողը պաշտպանելուց: Եւ փառք ու պատիւ մեր հայ գիւղացուն, որ թէ՛ Արցախում, թէ՛ Հայաստանում անում է ամէն ինչ` հայ գիւղը զարգացնելու համար: Այսօր մեր հպարտութեան, մեր ուրախութեան առարկան է դարձել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը: Երբ քայլում ես նրա փողոցներով քեզ թւում է, թէ գտնւում ես Եւրոպական զարգացած երկրներից մէկում: Եւ ուզում եմ այս պահին խորին շնորհակալութիւն յայտնել բոլոր հայերին, այն հարիւր հազարաւոր մեր հայրենակիցներին, ովքեր քսան տարի շարունակ հաւատացել են §Հայաստան» հիմնադրամին, մասնակցել են համազգային այս ծրագրերին եւ իրենց օգնութիւնը բերել Ստեփանակերտի հզօրացմանը, զարգացմանը, շէնացմանը: Եւ այսօր էլ մենք միասնաբար պէտք է փորձենք հայ գիւղը բարձրացնել, որովհետեւ հայ գիւղում ջրամատակարարման խնդիր կայ, մենք ունենք դպրոցների եւ հիւանդանոցների վերանորոգման խնդիր: Մենք ծերերի եւ որբուկների օգնութեան խնդիր ունենք գիւղում: Ուրեմն, եկէք այս օրը դարձնենք նաեւ հայ գիւղի օգնութեան օր, սիրիահայերի օգնութեան օր: Եւ մեր միասնութեամբ, մեր համախմբմամբ փորձենք հզօրացնել եւ ծաղկացնել մեր գիւղը:
Հայաստանը, հայրենիքը դա մեր բնօրրանն է, մեր երկիրն է, մեր սրբութիւնն է: Եւ այդ սրբութիւնը պէտք է բոլորս փայփայենք, բոլորս պահպանենք, որովհետեւ այստեղ է խտացուած մեր անցեալը, մեր ներկան եւ ի հարկէ, ողջ հայութեան ապագան: Մեր նախնիները պայքարել են Հայաստանի անկախութեան համար, Հայաստանի պաշտպանութեան համար եւ այսօր պատմական պահ է, որ մենք` 10 մլն հայերս, հայրենիքը հզօրացնելու համար համախմբուենք, որովհետեւ ամէն հայի պարտքն է, տուրքն է եւ պատուի գործն է` կայացած եւ զարգացած Հայաստան Հանրապետութիւն եւ Արցախ ունենալը: Եւ ես ուզում եմ խօսքս աւարտել մեծն Նժդեհի մարգարէութեամբ. Հայրենիքները հզօրանում են, գոյութիւն են ունենում հայրենասիրութեամբ եւ ընկնում հայրենասիրութեան պակասից: Կարծում եմ մեր հայ ազգը, հայ ժողովուրդը հայրենասիրութեան պակաս չունի:
Ես հաւատում եմ ձեզ:
ՀՀ սփիւռքի նախարար` Հրանոյշ Յակոբեան